ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք է հայտնել թերթերից մեկի հրապարակման վերաբերյալ։
Բանն այն է, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ պարզվում է` Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: «Կիրակի օրը էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան»,–գրել էր թերթը:
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում այս հրապարակման տրամաբանությունը և հարց է հղում հոդվածի հեղինակին. «Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն»։
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ինքն է նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը։ «Ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպեսին օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ»,–գրել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իրենք միայն մի բանով չեն նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին «կոնտրոլի տակ չենք առնում»։ «Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ»,–գրել է Փաշինյանը և եզրակացրել, որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են։