ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: