ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Նոր կառավարությունը խնդիր ունի պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցում»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է այն գերատեսչությունների սև ցուցակը, որոնք 2018թ.–ի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ հարցումներին կամ նամակներին։
Sputnik
Դոյդոյան. «Նոր կառավարությունը խնդիր ունի պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցում»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ նոր կառավարությունը խնդիր ունի քաղաքացիներին և լրագրողներին ժամանակին ամբողջական պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցում։ «Հատկապես հարցումներին պատասխանելու ժամկետների առումով լուրջ խնդիրներ էին ծագում։ Վիճակագրությունը շատ մոտեցել էր 10 տարի առաջվա վիճակագրությանը։

Դա պայմանավորում ենք 2 հանգամանքով։ Նախ, որ կադրերի լուրջ արտահոսք և ներհոսք էր տեղի ունեցել։ 2–րդը ծավալի հետ է կապված։ Այսինքն` մի քանի անգամ շատացել էին հարցումները դիմումները, որոնցով մարդիկ դիմում են պետական կառավարման տարբեր մարմիններ»,–ասում է Դոյդոյանը։

Նրա խոսքով` օգոստոս–սեպտեմբեր ամիսներին որոշակի փոփոխություն գրանցվեց, բոլոր հարցումներին պատասխան տրվում էր, մինչդեռ հունիս–հուլիսին նույն պատկերը չէր, սակայն պատասխանների որակը մտահոգիչ էր։ «Դրանք թերի կիսատ կամ լղոզված պատասխաններ էին։ Ասենք` լրագրողները մի քանի հարցեր էին ուղղում, բայց պատասխանում էին այն հարցերին, որոնց ձեռնտու է պատասխանել»,–նշում է Դոյդոյանը։