Ալիևը հայտարարել է` ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են

Իլհամ Ալիևը կրկին մեկուսացումով է սպառնացել Հայաստանին՝ հայտարարելով, որ երբեք չի թաքցրել Ադրբեջանի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ կառավարության ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունն ի սկզբանե «փորձել է խույս տալ բանակցություններից»՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը։

Ալիևը կարծում է, որ հակամարտության կարգավորման միջնորդները չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր իշխանության նման մոտեցմանը, և արդյունքում բանակցային գործընթացը «վերականգնվել» է։

«Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բանակցային գործընթացի համար միայն այդ ձևաչափն է ընդունելի», - նշել է Ալիևը։

Նա նաև Հայաստանին սպառնացել է հետագա մեկուսացումով՝ հայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքվի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները և ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչև մեր հողերը չազատագրվեն», - ասել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանը ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակում մեկ ելք ունի՝ բարելավել Ադրբեջանի հետ հարաբերությունները։