Էջմիածնի բնակիչները ցույց են կազմակերպել. սպառնում են փակել նաև «Զվարթնոցի» ճանապարհը

Ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Էջմիածնեցիներն այսօր առավոտյան կրկին դուրս են եկել փողոց և պահանջում են մեկուսարան վերադարձնել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Մի քանի տասնյակ ակտիվիստներ նստել են ճանապարհի բանուկ հատվածում։

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պարզաբանումը

Ոստիկանները փորձել են նրանց դուրս բերել ճանապարհից, և քաշքշուկ է սկսվել։

Ակտիվիստների գործողությունների պատճառով երթևեկությունը դժվարացել է։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրավապահները վերահսկում են իրավիճակը։ Նա վստահեցրեց, որ օդանավակայան տանող ճանապարհը բաց է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել էին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն էր իրականացնում։

ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված գրավը դարձյալ կալանքով փոխելու միջնորդությամբ։