Ցուցարարները բացեցին Երևան–Էջմիածին ճանապարհը

Հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել դատարանի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը:

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պարզաբանումը

Նրանք հայտարարեցին, որ հաջորդ ակցիան կանցկացնեն երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ դատարանը քննելու է Գլխավոր դատախազության` Մանվել Գրիգորյանին կալանավորելու բողոքը։

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:

Ակցիայի մասնակիցների հետ ժամեր շարունակ բանակցում էին Էջմիածնի ոստիկանապետը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել էին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն էր իրականացնում։

ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված գրավը դարձյալ կալանքով փոխելու միջնորդությամբ։