Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակ. ո՞վ է տվել նորոգման գումարը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այս մասին հայտնում է factor.am–ը։

Շարմազանովը վերջին ուղերձը հղեց ԱԺ նախագահի տեղակալի աշխատասենյակից

«Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Այսուհետև այդ աշխատասենյակը պետք է զբաղեցնի Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի»,– գրում է կայքը:

Սիմոնյանը նշել է, որ ինքն այնտեղ շինարարություն չի իրականացնում։

«ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել և չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը ևս անմխիթար վիճակում էր, և ԱԺ-ն վերանորոգում է այն»,-ասել է Սիմոնյանը:

Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն գործընթացը կիսատ է մնացել: ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»: