Արցախը որոշիչ ձայն ունի, բանակցություններում ներգրավելու հարցում դրական դինամիկա կա

ՀՀ–ի ու Արցախի արտգործնախարարները հանդիպել են ու խոսել ղարաբաղյան հակամարտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հունվարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ալիևը հայտարարել է` ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են

Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորել են երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրում դեռևս նախորդ տարվա մայիսին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա մասնավորապես ընդգծել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում: Ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` երեկ կառավարության ընդլայնված նիստում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։

Չի լինելու իրավիճակ, երբ Հայաստանը և Արցախը բանակցեն թույլի դիրքերից. Մնացականյան

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը: Կարևորվել է լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառման և դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք բաղկացուցիչ մասն են կազմում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար: Երկուստեք նշվել է, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը:

Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների օրակարգում ներառված միջոցառումներին և կարևորել են դրանց նախօրեին միմյանց միջև մտքերի փոխանակման ձևավորված գործառույթը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Արցախի միջև ոլորտային համագործակցությանն ու երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: