Լյուդմիլա Նորսոյանը քաղցկեղի դեմ պայքարում է «Լույսի 12 հրեշտակները» հավաքածուով

Ռուսաստանի առաջատար մոդելագործներից մեկը` Լյուդմիլա Նորսոյանն իր նոր հավաքածուն նվիրել է քաղցկեղի դեմ պայքարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի դիզայներ և նորաձևության տեսաբան Լյուդմիլա Նորսոյանն իր վերջին հավաքածուն նվիրել է այն մարդկանց, որոնք բախվել են քաղցկեղին։

Fashion Factory School կրթական նախագծի ղեկավարին այս թեման լավ գիտի։ Նրա մոտ ուռուցք են հայտնաբերել։ Համացանցում նույնիսկ Norsoyan նորարարական տրիկոտաժի ապրանքանիշի հիմնադրի օգտին դրամահավաք են կազմակերպել։

«Ես վերադառնում եմ տրիկոտաժի ստեղծմանը «Կյանքի հրեշտակներ» նախագծով, որը նվիրում եմ ինքս ինձ ու այն մարդկանց, որոնք ինձ հետ ուս ուսի պայքարում են քաղցկեղի դեմ` բժիշկներիս, երեխաներիս, ընկերներիս, գործընկերներիս, իմ աշխարհին։ Ես հագուստում միավորում եմ ձեռագործության հնությունն ու բարձր տեխնոլոգիաների ֆուտուրիզմը, որպեսզի սիրելի գործի միջոցով պատմեմ հավատի, հույսի, սիրո մասին, պատմեմ մարդու ոգու պայքարի ու մահվանը հաղթելու մասին, պատմեմ մեր փխրուն ճակատագրերի հրեշտակների մասին», – գրել է նա իր ապրանքանիշի պաշտոնական էջում։

Նորսոյանի աշխատանքները կարվել են ապակե մանվածքից, որն անդրադարձնում է լույսը։ Այդ կտորն օգտագործում են բևեռախույզների, երկրաբանների ու վտանգավոր այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համազգեստ կարելու համար։

«Ես սկսում եմ պատմել կյանքի հրեշտակների մասին, որոնք պաշտպանում են մեր փխրուն ճակատագրերը։ Այս հրեշտակների հագին կախարդական մանվածքից գործած զգեստներ են։ Այդ գործվածքները վերցվել են բարձր տեխնոլոգիաների ու վտանգավոր մասնագիտությունների աշխարհից։ Ինչպես հեքիաթում է ասվում, երբ մեկը հոգին է փրկում, մյուսը մարմինն է պաշտպանում։ Ես որոշեցի, որ տասներկու հրեշտակ կլինի, ու ամեն ամիս նրանցից մեկը կգա, մինչև վերջապես բոլորը միասին կհավաքվեն», – գրել է դիզայները Instagram–ի իր էջում։

Մոդելագործը կարծում է, որ իր հավաքածուում հնարավոր է նմանություն գտնել փրկարարական գործողության հետ, քանի որ «հրեշտակները որսում են մեր հոգիների լույսը»։

«Մենք կփրկվենք, մենք կհաղթենք մահվան», – ամփոփել է Նորսոյանը։

Պետք է նշել, որ նա առաջիկայում վարպետության դասընթաց կանցկացնի Մոսկվայում։