«Դու մեզ շատ պետք ես». «Արսենալի» մարզիչն անհամբեր սպասում է Մխիթարյանի վերադարձին

Մատչ ՏՎ–ի մեկնաբանը վստահ է, որ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում տեղափոխվել ռուսական «Զենիթ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին անհամբեր սպասում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` խաղադաշտ վերադառնալուն։ Այդ մասին Մատչ ՏՎ–ի մարզական մեկնաբան Թիմուր Ժուրավելը գրել է Twitter-ում և ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկար հրապարակել։

​Վերջերս Մխիթարյանի աջ ոտնաթաթը կոտրվել էր անգլիական պրեմիեր լիգայի քառորդ եզրափակիչում «Տոտենհեմի» դեմ խաղում։ Հիմա նա տեղաշարժվում է հենակով և առնվազն մինչև փետրվար չի մասնակցի խաղերին։

««Արսենալի» բազայում այսօր շփվեցի Հենրիխի հետ: Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»։ Վստահ եմ, որ «Զենիթի» մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,-գրել է Ժուրավելը:

Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ է խոսվում Մխիթարյանի տեղափոխության մասին: Նշվում է, որ եթե «Արսենալը» ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Կարիերան շարունակելու հիմնական տարբերակ է նշվում «Միլանը»: Տեղեկություն կա նաև, որ Մխիթարյանին իր թիմում է ուզում տեսնել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: