Կարագանդայի ողբերգությունը. ո՞րն էր հայկական ԶԼՄ–ների ու սոցցանցերի սխալը

Կարագանդայի սպանությունն ազգամիջյան խնդրի չվերածվեց երկու երկրի իրավապահ մարմինների ու դիվանագիտական գերատեսչությունների ճիշտ գործողությունների շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Կարագանդայում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որին մասնակցել էին նաև տեղացի հայերը, գրագիտության ու ադեկվատության լուրջ քննություն էր հայկական ԶԼՄ–ների ու սոցցանցերի համար, բայց նրանք ընդհանուր առմամբ տապալեցին քննությունը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նարեկն ինքն է հանձնվել. ինչպես են ձերբակալել Կարագանդայի սկանդալային գործով կասկածյալին

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա մի երիտասարդ մահացել էր, ևս երեքը` վնասվածքներ ստացել։ Դրանից հետո ոմանք սկսեցին սոցցանցերում գրել, թե վիճաբանությունն ազգամիջյան հողի վրա է եղել։ Տեղեկություններ տարածվեցին, որ հայ ընտանիքները լքում են իրենց տները, վախենում են բացել իրենց խանութներն ու ռեստորանները, բայց երկու կողմն էլ հերքեցին այդ տեղեկությունները։

Իսկանդարյանի խոսքով` Ղազախստանը բազմազգ պետություն է, ու ռեստորանի մոտ տեղի ունեցած կռվին մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` ղազախներ, հայեր, ադրբեջանցիներ։ Ու եթե Ղազախստանի իշխանությունն ու հասարակությունն ընդհանուր առմամբ բավականին ադեկվատ արձագանքեցին ողբերգությանը, ապա նույնը չի կարելի ասել հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի մասին։

Իրադարձությունները բավականին գրագետ ու օբյեկտիվ ներկայացնող ղազախական ԶԼՄ–ներից տեղեկություն ստանալու փոխարեն Հայաստանում որպես հիմնական աղբյուր էին օգտագործում «ԲԱՍԵ» Youtube–ի ալիքը, որը ստեղծել են Սադիկով ամուսինները։ Վերջիններս արդեն մի քանի տարի է` Ուկրաինայում են ապրում ու Ղազախստանի իշխանության ընդդիմադիրներից են։ Հայրենիքում նրանց դեմ նույնիսկ քրեական գործ է հարուցված։

Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասները

«Ինձանից ընդամենը մեկ ժամ պահանջվեց, որ հասկանամ` ինչ է իրենից ներկայացնում Youtube–ի «ԲԱՍԵ» ալիքը։ Այդ ալիքը զուտ իր ներքաղաքական խնդիրներն է լուծում. ցանկացած միջադեպ օգտագործվում է Նազարբաևին, ուժային կառույցներին քննադատելու համար։ Ցավոք, մեզ մոտ Հայաստանում չխորացան այդ մանրուքների մեջ, ու հետևանքը եղավ այն, որ բավականին անհեթեթ իրավիճակում հայտնվեցին», – նշեց քաղաքագետը։

Նշենք, որ հայկական պարբերականներից շատերն այդ ընթացքում արտատպեցին կասկածելի աղբյուրների տեղեկություններն այն մասին, որ իբր Կարագանդայում ու այլ քաղաքներում հակահայկական ցույցեր են անցկացվում։ Կարագանդայի սպանությունն ազգամիջյան խնդրի չվերածվեց երկու երկրի իրավապահ մարմինների ու դիվանագիտական գերատեսչությունների ճիշտ գործողությունների շնորհիվ։