Երևանում նորածին է մահացել

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է` երեխայի մոտ վիրուս չի հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Երևանի Նոր Արեշ թաղամասում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել։ Տարածված տեղեկությունն այսօր հաստատեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Երեխայի մոտ շնչառական վիրուս չի հայտնաբերվել` ո՛չ H1N1, ո՛չ որևէ այլ վիրուս»,– ասաց Վանյանը` հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչից է մահացել երեխան։

Հիշեցնենք` ըստ մամուլում տարածված լուրերի` երեխայի ծնողներն Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից են։ Հայրը` 32-ամյա Հարություն Շահվալադյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին։ Նա ոստիկանությանն ասել է, որ պատճառը բժիշկների ոչ ճիշտ աշխատանքն է եղել։

Երեխայի մայրը` 28-ամյա Նարինե Սարգսյանը, երեխայի մահվան մասին տեղեկացել է ծննդաբերության ժամանակ։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։