ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանում 2019թ.–ի ընթացքում H1N1 գրիպի պատճառով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նա հավելեց, որ մահացած կինը շատ ծանր վիճակում է հոսպիտալացվել և զուգահեռ այլ հիվանդություններ է ունեցել:
Վանյանի խոսքով`վերակենդանացման բաժանմունքներում այս պահին կան ծանր հիվանդներ, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ և այլ հիվանդություններ։
Այս տարվա 1–ին օրերին պոլիկլինիկաներ դիմել են 1251 մարդ, իսկ անցած տարի ընդամենը 967–ը։
«Հիմնականում տարածում ունի գրիպի ա տեսակը (90 %), ավելի քիչ մարդիկ վարակվում են նաև գրիպի բ տեսակով։ Սահմանում կարանտին մտցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև վիրուսը տարածում ունի ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում»,–ասաց Վանյանը։
Մասնագետի գնահատմամբ` խնդիրը նրանում է, որ մարդիկ գրիպի դեպքում չեն դիմում բժշկին, բուժվում են տնային պայմաններում և հիվանդանոց են գնում միայն ծայրահեղ ծանր վիճակում։ Նա ռիսկային համարեց 0–5 տարեկան երեխաների, նաև 65–ից բարձր մարդկանց խմբերը։
«Վիրուսի տարածման տենդեց կա, բայց առայժմ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու մանկապարտեզները փակելու։ Հանրապետության տարածքում երեկվա դրությամբ 432 երեխա հիվանդության պատճառով դպրոց չի հաճախել»,–հայտարարեց նա։
Երեխաների մահացության դեպք չի գրանցվել, բայց կան երեխաներ, որոնց մոտ բարդություններ են եղել։ Վանյանը խորհուրդ տվեց խուճապի չմատնվել և պատվաստվել։