ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ծովահենների կողմից գերեվարված MSC Mandy նավի խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է, Sputnik Արմենիային հաղորդեցին ՌԴ ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության փրկարարական–կորդինացման կենտրոնից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել, 6 ռուսաստանցի է գերեվարվել։ Նավում 26 մարդ է եղել, որոնցից 20-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, 4-ը` Ուկրաինայի, ևս երկուսը` Վրաստանի։
«Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է», – ասացին դաշնային գործակալությունից` հաստատելով, որ նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում։
Գերատեսչությունում հաղորդել են, որ իրավիճակին հետևում է Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը։
Վերջին տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններ է վարում նաև նավի տերը։
MSC Mandy–ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 1–ի լույս հունվարի 2-ի գիշերը։ Ռուսաստանի դեսպանատան վերջին տեղեկության համաձայն` նավը եղել է Նիգերիայի տարածքում:
6 նավաստիներին ազատելու համար, հավանաբար, փրկագին կվճարեն։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Բենինում Ռուսաստանի դեսպանատանը` նշելով, որ գերիների գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ։