ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները երկրորդ օրն է չեն կարողանում 120 ձայներից անհրաժեշտ 80–ը հավաքել ու սահմանադրության մեջ փոփոխություններ անել, որպեսզի պետությունը վերանվանվի: Դա անհրաժեշտ է ՆԱՏՕ ու ԵՄ անդամակցության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մակեդոնիայում օրենսդիրները վճռորոշ քննարկումներ են սկսել երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու շուրջ, որպեսզի հարթվեն հարևան Հունաստանի հետ տասնամյակներ շարունակվող վեճերն ու տարաձայնությունները:
Երեկ, քննարկման մեկնարկից առաջ ելույթ ունենալով, վարչապետ Զորան Զաևը պատգամավորներին կոչ էր արել քվեարկել երկրի անունը փոխելու օգտին:
«Դա պատմական և հայրենասիրական ընտրություն է, մենք կարող ենք լինել այն սերունդը, որը համարձակ որոշում է կայացրել», - ասել է Զաևը:
Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է:
Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքն արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:
Անցած տարվա ամռանը պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: