«Եղել է քննարկում նաև ԱԺ երրորդ փոխնախագահի հարցի շուրջ». Սիմոնյան

Խորհրդարանում ընթանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ազգային ժողովում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստը ընդմիջվեց կարճ ժամանակով:

«Խմբակցության քննարկում է եղել, եղել է հարցուպատասխան, քննարկվել են ներքին օրակարգային  հարցեր»,- ասաց հայտարարված ընդմիջման ընթացքում լրագրողներին մոտեցած Ալեն Սիմոնյանը:

«Քաղաքական տարին հեշտ չի լինելու». Sputnik–ի հյուրը Կարեն Քոչարյանն է

Ըստ նորընտիր պատգամավորի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խմբակցության նիստին, բայց ընդմիջումից հետո պատգամավորները քննարկումները կշարունակեն առանց նրա:

«Խմբակցության հարցերն են քննարկվել: Վարչապետը լսել է խմբակցությանը, խմբակցությունն իր կարծիքն է հայտնել: Կարելի է ասել՝ մտքերի փոխանակում եղավ: Թեմաները, որոնք արծարծվել են, բազմաթիվ են՝ արտաքին, ներքին, ԱԺ աշխատանքին վերաբերող: Քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- նշեց Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովների նախագահների հարցը չի քննարկվել: Հանձնաժողովների քանակի մասով ևս քննարկում չի եղել:

«Եղել է քննարկում նաև խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի հարցի շուրջ, բայց որևէ որոշում չկա: Եթե որոշում լինի, կլինի միասնական»,- ասաց նա:

Քուրդ համայնքի ղեկավարն ու ռուս տնտեսագետը. ինչ խնդիրներ առաջ կքաշեն ոչ հայ պատգամավորները

Հարցին, թե թիմի ներսում ինչպիսի՞ մոտեցում կա սուպերվարչապետության հարցի հետ կապված՝ ուժային կառույցները կրկի՞ն վարչապետին են ենթարկվելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես համաձայն չեմ, որ միայն ուժայիններով էր պայմանավորված սուպերվարչապետական լինելը:  Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց չեն լինելու շատ կտրուկ: Այսինքն՝ պետք չէ սպասել, որ հենց առաջին նիստին մենք սկսելու ենք փոփոխություններ անել, բայց քաղաքական կամքը, որոշումը կա, որ այդ համակարգից, որը ժամանակին պարոն Փաշինյանը նույնպես քննադատել է, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»:

Նա նաև տեղեկացրեց, որ ընդմիջումից հետո հավանաբար կլինի պատգամավորների սենյակների վիճակահանությունը: