Վրաստանում էժան են, բայց մերից չեն. ՊԵԿ նախագահը` նոր ՀԴՄ–ների մասին

2019 թվականի հունվարի 1-ից կիրառության մեջ դրվող նոր ՀԴՄ–ներ վաճառվում են ինքնարժեքից 2 դրամ թանկ գնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Նոր սերնդի ՀԴՄ–ն պարտադիր չէ գնել կոնկրետ ՊԵԿ–ի ՊՈԱԿ–ից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է տնտեսվարողներին պարտադրվում գնել թանկ ՀԴՄ, եթե հարևան Վրաստանում դրանք շուրջ 3 անգամ էժան են վաճառվում։

Նոր Հայաստան, նոր ՀԴՄ, նոր ծախս. ո՞վ է տուժելու հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքից

«Հաշվիչ դրամարկղային մեքենա տերմինը պայմանական անվանում է, իրականում դա մի մեքենա է, որի հանդեպ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ և ցանկացած նման սարքավորում (ոչ միայն ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի կողմից) կարող է ներմուծվել, միացվել համակարգին ու գործել։ Այսինքն՝ այստեղ ազատականացվել է, և չկա այդպիսի պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեն կոնկրետ այդ ՊՈԱԿ-ի ներմուծած մեքենան»,– ասաց նա։

Անանյանի խոսքով` նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը` 160 000։ Ընդ որում, տնտեսվարողները կարող են դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանագրով և վճարել 2 տարվա ժամանակահատվածում։

Մուրադյան. «Ո՞րն է նոր և հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների տարբերությունը»

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ արդեն 10 ընկերություն ձեռք են բերել նոր ՀԴՄ և միացվել համակարգին:

2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: ՊԵԿ հայտարարության համաձայն՝ տնտեսվարողները կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ իրենց ցանկությամբ (2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով՝ ամսական համամասնությամբ): Նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր: