Աշոցքում առավոտյան -24 աստիճան ցուրտ է գրանցվել. Սուրենյան

ԱԻՆ–ի ժամը 14։00–ի տվյալի համաձայն` հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանյան բազմազան եղանակը զարմացրել է անգամ օդերևութաբանության կենտրոնի ղեկավարին։

Հիանալով երևանյան ձմեռային արևով` Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում դրան հակադրել է Աշոցքի սառնամանիքը։

Քանի՞ օր տեղումներ չեն գրանցվի Հայաստանում. եղանակի տեսություն

«Այս արևին նայելով հեչ կմտածեք, որ Աշոցքում առավոտյան -24 աստիճան ցուրտ է գրանցվել»,–գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Այսօր օդերևութաբանները կանխատեսել էին, որ ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, բայց որոշ ժամանակ տեղումներ չեն լինի։

Իսկ ԱԻՆ–ի ժամը 14։00–ի տվյալի համաձայն` հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն, Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհները, Նիգավան, Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող ճանապարհահատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Վարդենիս-Չքնաղ-Թթուջուր միջհամայնքային ավտոճանապարհները:

Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։