Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել բժշկականի ռեկտորը

Երևանի կենտրոնում բախվել են Nissan, Mercedes և Honda մեքենաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունվարի 9-ին, ժամը 21:00-ի սահմանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 2 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները, և մինչ հիվանդանոց տեղափոխելը, Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:

Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: