Նոր Հայաստան, նոր ՀԴՄ, նոր ծախս. ո՞վ է տուժելու հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքից

2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային նոր օրենսգիրքը, որի դրույթներից մեկն էլ պարտադրում է տնտեսվարողներին նոր սերնդի ՀԴՄ–ներով աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հարկային օրենսգիրքը որոշ դժվարություններ կառաջացնի հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։

«Այն փոքր բիզնեսները, որոնք մինչև հիմա կամուկացի մեջ էին` պահեն բիզնեսը, թե չպահեն, միանշանակ հիմա փակվելու են»,– ասաց Համբարձումյանը` անդրադառնալով հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառության մեջ դնելու որոշմանը։

Համբարձումյանի դիտարկմամբ` հեռավոր գյուղում ամսական 70 000 դրամ վաստակող խանութի համար 160 հազար դրամանոց ՀԴՄ–ն ուղղակի կործանարար կարող է լինել։

Նրա հաշվարկով` այս որոշման ազդեցությունը կզգան շուրջ 28 000 տնտեսվարողներ։ Իսկ շուրջ 26 000 տնտեսվարողներ արդեն իսկ աշխատում են նոր սերնդի ՀԴՄ–ներով կամ, ինչպես Վահագն Համբարձումյանն է կոչում, մինի համակարգիչներով։

Հարկայինը Հայաստանում տեղյակ կլինի բոլորից. բացատրում է Դավիթ Անանյանը

Հսկիչ դրամարկղային մեքենաների արժեքը 160 հազար դրամ է, ու թեև բիզնեսը դրանց դիմաց կարող է վճարել տարաժամկետ տարբերակով, բայց, բանախոսի համոզմամբ, այս հավելյալ ծախսը շուկայում ապրանքների թանկացման չի հանգեցնի, բայց հատկապես փոքր տնտեսվարողները կզգան դրա ծանրությունը։

2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է սկսեն աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ներով: Այս պահանջը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով:

Ինչպես դեկտեմբերին հայտարարել էր ՊԵԿ–ը, տնտեսվարողները կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել կա՛մ ամբողջությամբ և միանվագ, կա՛մ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով՝ ամսական համամասնությամբ:

Տարաժամկետ վճարման առուվաճառքի պայմանագիր ունեցող և հարկային մարմին դիմում ներկայացրած տնտեսվարողների նկատմամբ տուգանքներ չեն կիրառվի: