Ովքեր և ինչպես են կանգնեցրել զինակոչիկների ավտոբուսը. Ռազմական ոստիկանության պարզաբանումը

Ռազմական ոստիկանությունը հայտնել է զինակոչիկների ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. 2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի զինվորական ավտոբուսը։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակվելու դեպքի առնչությամբ:

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել. տեսանյութ

Հաղորդագրության համաձայն` հիշյալ անձինք ճանապարհի տարբեր հատվածներում, կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել` այդ ընթացքում դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը։ Նրանք ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսին` վնասելով այն:

Այնուհետև, շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները, նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտել և բռնություն գործադրել նորակոչիկներին ուղեկցող, այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող Կոտայքի զինկոմիսարիատի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հայհոյելով ու հարվածելով նրա դեմքին` պատճառել մարմնական վնասվածք։ Այդ ընթացքում մյուսները, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդական խցիկից:

Փաստի առնչությամբ հունվարի 8-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։

Զինակոչիկների ավտոբուսի ընթացքը խոչընդոտողներից մեկը զղջում է իր արարքի համար. տեսանյութ

Ռազմական ոստիկանության ու ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

Մերուժան Ոսկանյանը փախուստի մեջ է:

Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում նրան ու միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Իսկ Գոռ Հակոբյանը ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է բաժին, որտեղից տեղափոխվել է ռազմական ոստիկանություն։

Հիշեցնենք, երեկ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցնում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտնում ու քաշքշոց սկսում` անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով։