Ովքեր նոր պատգամավորներին կհանձնեն մանդատները. ԿԸՀ–ն հետաքրքիր ձևաչափ է մտածել

Նոր խորհրդարանի նոր պատգամավորների մանդատների հանձնելու արարողությունը կկայանա հունվարի 10–ին, ժամը 13:00–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նորաթուխ պատգամավորներին մանդատները հանձնելու են հենց իրենք` ընտրողները։ Միջոցառման այսքան անսովոր ձևաչափի մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Մեծ մանկապարտեզ, թե փոքրիկների խորհրդարան. ո՞վ է ամենակրտսեր պատգամավորը

Այդ նպատակով ԿԸՀ–ն պատահականության սկզբունքով ընտրել է 28 մարդու` ամեն ընտրատարածքից երկուսին, ևս երկուսին ընտրել են որպես 2018 թվականի դեկտեմբերի 9–ին առաջին անգամ քվեարկած մարդկանց։ Ի դեպ, ամենատարեց ընտրողը 102 տարեկան է։

Հիշեցնենք` նոր գումարման խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձման արարողությունը կկայանա հունվարի 10–ին, ժամը 13:00–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նշենք, որ նախորդ տարիների ընթացքում մանդատները հանձնում էին ԿԸՀ–ի շենքում։ Այդ անգամ որոշվել է ձանձրալի միջոցառումը հետաքրքրացնել մշակութային բաղադրիչով։

2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։

Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։