Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարիաննա Օհանջանյանը։

Նրա խոսքով` քննչական մարմինը դատարան միջնորդություն է ներկայացրել Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքների լրացման հիմքով։ Իսկ դատարանը բավարարել է միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու դատական նիստը հետաձգվեց

Վահագն Հարությունյանին նախկինում առաջադրված Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով:

Հարությունյանն այժմ մեղադրվում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հիշեցնենք` ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը կեղծել են 2008 թ.-ի մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները։

Ըստ մեղադրանքի` Արթուր Հովհաննիսյանը, օժանդակելով Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները նա ամրագրել է իր իսկ տված եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ:

Վահագն Հարությունյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։