Ինչի՞ց են մահացել արցախցի ամուսիններն ու նրանց երեխան. նոր մանրամասներ

Ընտանիքի մյուս երեխան, որը 11 տարեկան է, տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Շուշիում երեկ դժբախտ պատահարի զոհ դարձած ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան թունավորվել են շմոլ գազից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը` կրկին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները։ Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 8-ին, ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում 3 մարդ է մահացել։ Պարզվել է, որ նրանք թունավորվել են շմոլ գազից։

Դժբախտ պատահար Շուշիում. բնակարանում հայտնաբերվել են 3 քաղաքացիների անշնչացած մարմինները

ԱՀ ոստիկանության Շուշի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն բնակարանի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ժ. Մ-ն, 1990թ.ծնված Ա. Ա-ն և վերջիններիս որդի՝ 2014թ.ծնված Ս. Մ-ն հունվարի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում նախնական տվյալներով մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, իսկ նրանց դուստր՝ 2011թ.ծնված Ն. Մ-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11 ծառայություն կամ 1-02։

ԱՀ ոստիկանությունն իր հերթին՝ համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։