Հայտնի է Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանի գտնվելու վայրը

Ղազախստանից օպերատիվ–քննչական խմբեր են ուղարկվել ՌԴ տարածք, օպերատիվ–քննչական խումբ է ուղարկվել նաև Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ղազախստանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը կարող է թաքնվել Ռուսաստանում։ Այդ մասին հաղորդում է Sputnik Ղազախստանը` հղում անելով ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմանովին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

«Ես մարդասպան չեմ, պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Նարեկ Գուրուրյան

Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած ութ մարդկանց նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել Ղազախստանի ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի խոսքով` ներկա պահին դատարանի թույլտվությամբ ութ մարդ տեղափոխել է մեկուսարան։

«Նախնական օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա (Նարեկ Գուրուրյանը` խմբ.) հատել է սահմանը։ Օպերատիվ–քննչական խմբեր են ուղարկվել ՌԴ տարածք, երկու խումբ նպատակաուղղված աշխատում են, օպերատիվ–քննչական խումբ է ուղարկվել նաև Հայաստան», – ասել է Սուլեյմանովը։

Ավելի վաղ քաղաքացի Գուրուրյանը տեսաուղերձ է հրապարակել, որում նա հայտարարել է Ղազախստանի իշխանություններին հանձնվելու պատրաստակամության մասին։ Տղամարդը հերքում է սպանությանն իր առնչությունը։