Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի սկզբից մեկ լիտր բենզինն էժանացել է 10%–ով կամ մոտավորապես 50 դրամով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Բենզինը Հայաստանում արդեն մեկ ամիս է, ինչ էժանանում է։

Հազար ու մի ձև Հայաստանում զարգացող բիզնեսը տապալելու համար. կլսի՞ Փաշինյանը գործարարներին

Մինչև 2018 թվականի դեկտեմբեր բենզինի «ռեգուլյար» տեսակի մեկ լիտրի մանրածախ գինը 450 դրամ էր։ Սակայն դեկտեմբերի 7-ից գներն իջան, և հիմա «ռեգուլյարը» բենզալցակայաններում լիցքավորում են արդեն 400 դրամով։ Այս մասին վկայում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Նշենք, որ Հայաստանը բենզինի հիմնական մասը ստանում է Ռուսաստանից, իսկ այնտեղ մանրածախ գները չեն իջել։ Հակառակը, 2018 թվականի կեսերին բենզինի գինն աճել է մոտավորապես 10%–ով։ Ճիշտ է` դրանից հետո ՌԴ կառավարությունը նավթավերամշակման ընկերությունների հետ պայմանավորվել է մինչև 2019 թվականի մարտի վերջ բենզինի գները սառեցնելու մասին, սակայն դրան գումարած 2019 թվականից Ռուսաստանում աճել է բենզինի ակցիզային հարկն ու ԱԱՀ–ն։ Միասին դրանք բենզինի գնի մեջ ավելի քան 30% են կազմում, սակայն արտահանման ժամանակ այդ հարկերը վերադարձվում են։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրակրկիտ կուսումնասիրի իրավիճակը, հասկանալու համար, թե արդյո՞ք օբյեկտիվ է Հայաստանում գների իջեցումը և արդյոք այստեղ դեմփինգ (շուկայից փոքր մրցակիցներին դուրս մղելու փորձ) չկա՞։

Պետական հանձնաժողովի դիտարկումներով, Հայաստանում բենզինի շուկայում մրցակցությունը սահմանափակ էր, քանի որ շուկայի մոտ 90%–ը երկու խոշոր ներկրող («Ֆլեշ» և CPS) էր վերահսկում։ Իսկ 2018 թվականին շուկայում հայտնվել է նոր, հաշվով հինգերորդ ներկրողը։ Արդյունքում շուկայում երկու գերիշխող դիրք զբաղեցնողների մասնաբաժինը նվազել է, թեև ոչ զգալի. 92 մինչև 89%։