Զինվորները հեռախոսներով են բանակ գնում. Հայաստանում մեկնարկել է 2019–ի ձմեռային զորակոչը

Նախկինում տարկետում ստացած ավելի քան 400 զորակոչիկ մեկնեցին ծառայության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ են վերցնում հեռախոսները: Այս մասին այսօր Զինվորական կենտրոնական հավաքակայանում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը:

Հայկական բանակը համալրվում է նոր ավտոմեքենաներով. ԳՇ պետը վթարները բացառել չի կարող

«Բայց կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն», – ասաց Մուրադյանը։

Բացի այդ, նա ընդգծեց, որ 420 զորակոչիկ, որոնք տարկետում էին ստացել, համապատասխան բուժում անցնելուց հետո բանակ են զորակոչվել։

Նրա խոսքով` առողջական հիմնական խնդիրները կապված են սրտանոթային, ալերգիկ, մաշկային ու խրոնիկական հիվանդությունների հետ։

Մուրադյանը նշեց նաև, որ ամառային զորակոչի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 142 զորակոչիկ է վերադարձել Հայաստան՝ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։ Թե քանի տղա է ձմեռային զորակոչի ժամանակ արձագանքել այդ կոչին, հայտնի կլինի հունվարի 31–ին (զորակոչի ավարտից հետո)։

Հայկական բանակում ներքնաշորերը փոխվել են. հերթը վերնահագուստինն ու կոշիկներինն է

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի որոշման համաձայն` ժամկետային զինծառայողները կարող են օգտվել բջջային հեռախոսներից, սակայն այդ հեռախոսները չպետք է ունենան ձայնագրելու, տեսագրելու, լուսանկարելու և համացանցի հասանելիության հնարավորություն։

Եթե սարքը չի համապատասխանում ներկայացված պահանջներին, ապա հավաքակայանում հեռախոսը վերադարձնում են զորակոչիկի բարեկամներին։