Զորակոչիկների ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պատասխանում է սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի մեղադրանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր ԶԼՄ-ներում տարածված այն տեսանյութի կապակցությամբ է, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել. տեսանյութ

Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:

Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն` կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան»,–ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր` ձմեռային զորակոչի առաջին օրը Երևանում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել, որին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  «Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում: Կատարվածին իրավական գնահատական կտրվի»,– ասել է ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը։

Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցնում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը։ Ներս մտնելուց հետո քաշքշոց է սկսվում, և անպարկեշտ արտահայտություններ են հնչում։