Բերդ քաղաքում 27–ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով հետախուզվում է 39–ամյա քաղաքացին

Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 31–ին Բերդ քաղաքում կատարված սպանության գործով իրականացված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական  կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հայտնի է Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանի գտնվելու վայրը

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է:

Նախնական քննությամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է նույն մարզի՝ 1979 թվականին ծնված բնակչի կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31.12.2018թ. 39-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի պարկուճ, պլաստմասե խծուծ և արնանման հետքեր:

Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց:

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: