ՀՔԾ–ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է պաշտպանի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

«ՀՔԾ-ն բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու հետ կապված»,–ասաց Բատիկյանը:

Ավելի ուշ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, որով հիշեցրեց գործի ընթացքը` հօշեցնելով, որ փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին Սամվել Մայրապետյանի գործով

«Հունվարի 3-ին, այսինքն ընդամենը մեկ օրվա ընթացքում, ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Ավելորդ ենք համարում նշել, որ եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել ծանրակշիռ բժշկական ապացույցների առկայությունն առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի բուժումը»,–ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները տարակուսանք են հայտնում, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը։

Հիշեցնենք`Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։

Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Սամվել Մայրապետյանին: Դեկտեմբերի 30-ին ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է փաստաբանների՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որից հետո նրանք այդ հարցով դիմել են ՄԻԵԴ:

Գործարարի պաշտպանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։