Քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքար է հայտարարում, բայց բարեհամբույր ու բացատրելով

Փողոցային առևտուր անողներին կառաջարկեն տեղափոխվել շուկաներ։ Նոր քաղաքապետը հրահանգում է պայքարել նոր մեթոդներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է փողոցային առևտուրն արգելելու մասին։ Բայց դա արվելու է ոչ թե պայքարի, այլ բացատրական մեթոդներով։ Այսօր` հունվարի 8-ին, աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հացի փող` աղիքային ցուպիկի դիմաց. նոր Երևանի 90- ականների ոգին

«Ուղղակի պետք է բոլոր մարդկանց գնալ, բացատրել, ասել, որ սա օրենքի պահանջն է, երկրորդը, որ սա հանրության պահանջն է։ Որ մարդիկ ուզում են ամեն ինչը ծառայի իր նպատակին` առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները` որպես փողոցներ։ Եվ կխնդրեմ նաև ոստիկանության աջակցությունը, մեր աշխատակիցներին էլ ասում եմ` արվում է ամեն ինչ շատ բարեհամբույր կերպով, նորմալ, բացատրելով, մարդկանց ուղղորդելով համապատասխան առևտրի վայրերը»,– ասել է Մարությանը։

Ինչ վերաբերում է առևտրի վայրերին, նիստին ներկա երևանյան շուկաների տնօրենները հայտարարեցին, որ ազատ տաղավարներ ունեն ու պատրաստ են դրանք անվճար տրամադրել փողոցում առևտուր անողներին։

Երևանի ԳՈՒՄ-ի շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը, որը ժամանակին մերժում էր առևտուր անել ցանկացողներին, այսօր հայտարարել է, որ 250 ազատ տաղավար ունի և պատրաստ է դրանք տրամադրել փողոցի առևտրականներին, ընդ որում` առաջին ամիսը տարածքները կտրամադրվեն անվճար, հետո` ամսական մինչև 500 դրամ վարձավճարով։

Իսկ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայի տնօրենը հայտնել է, որ 300-350 ազատ տեղ ունի, որից 200-ը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար:

Պիպոյան. «Առնվազն տարօրինակ է քաղաքային իշխանությունների անտարբերությունը»

Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղեկություններով` Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում այսօր շուրջ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Թաղապետը խոստացել է նախ այս առևտրականներին տեղափոխել շուկա, ապա անցնել մյուսներին։

«Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, հետո կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին: Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»,-խոստացել է Մնացականյանը։

Բայց փողոցներից առևտրի վերացման վերջնական լուծումը ոլորտի պատասխանատուները համարում են օրենսդրական դաշտի կարգավորումը, որով կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկը, իսկ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերն առավել մեծ լիազորություններ կստանան:

Դե իսկ մինչ այդ, ինչպես նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, ամեն մարդ ինքն է որոշում` գնել փողոցից, թե չգնել։