ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանին։
Փաշինյանը խմում է Սիմոնյանի կենացը և նշում, որ Ալենին ճանաչում է 2009 թվականից, երբ դեռ «ընդհատակում» էր։
«Ալենը այն քիչ մարդկանցից ա, որոնց հետ ծանոթացել եմ ընդհատակում։ Նա այն մարդն ա, որ ինձ հանձնել ա գլխավոր դատախազությանը։ Իմ որոշմամբ, իհարկե։ Դա շատ բարդ որոշում էր Ալենի համար, որովհետև ամբողջ կյանքում այդ կլեյմոն մնալու է նրա հետ»,– ասում է նա, ու բոլոր հյուրերը ծիծաղում են։
Փաշինյանը նշում է, որ իրենց ընկերությունը շարունակվում է այդ ժամանակից։
«Այս ընթացքում ամեն ինչ հարթ չի եղել, լավ էլ չէր լինի, որ ամեն ինչ հարթ լիներ, բայց այդ ընթացքում Ալենի հետ միշտ հարմար ա եղել։ Ալենը էդպիսի մարդ ա, որ իր շուրջը, իր միջավայրում լինի հարմար, առաջին հերթին` իր համար»,– ասում է նա։
Փաշինյանն ավելացնում է նաև, որ Ալեն Սիմոնյանը պոզիտիվ մարդ է, փորձում է բոլոր դժվար իրավիճակներում գտնել պոզիտիվ լուծումներ։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 5-ին։