Նիկոլ Փաշինյանը գիտի` ինչպես կարող են լուծվել մեր բոլոր խնդիրները

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահ է, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է աշխատանքային օրվա կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք: Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»,– Facebook սոցիալական ցանցում գրել է նա։

Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի» համաձայն` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ Նոր տարվա տոներն են, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին` նախածննդյան տոները, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդն ու Հայտնության օրը: Դե իսկ հունվարի 7-ին նույն օրենքով մեր երկրում Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն է, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Ի դեպ, անցյալ տարի Ամանորից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանն այսքան երկար կհանգստանա ձմռանը, նա նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր։

ԱԺ ներկայացված համապատասխան նախագիծը, որով 2019 թվականի հունվարի 3-ից սկսած նախատեսվում էր անցնել աշխատանքային ռեժիմի, հետաձգվեց, ապա ընդհանրապես հանվեց շրջանառությունից: