ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ղազախստանի ՆԳՆ երկու ծառայողներ ժամանել են Հայաստան` ՀՀ ոստիկանության հետ համապատասխան միջոցառումներ իրականացնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով` Հայաստան ժամանած ՆԳՆ ներկայացուցիչներն օպերատիվ բլոկի աշխատակիցներ են։
Ղազախստանի ներքին գործների նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովն այսօր ևս հայտարարել է, որ քննության շրջանակում երկու օպերատիվ–քննչական խմբեր մեկնել են ՌԴ, մեկ խումբ` Հայաստան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդը մահացել է, ևս երեքը` տուժել։
Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։
Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած ութ մարդկանց նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել։ Մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ՆԳՆ–ում հաղորդել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցների դերակատարությունը կպարզվի։
Սուլեյմենովի խոսքով` Ամանորի գիշերը հանցագործության մեջ կասկածվող անձանց շարքում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։
Հայտնի է դարձել, որ հետախուզության մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հունվարի 1–ի երեկոյան անցել է Ղազախստանի Պավլոդարի շրջանի պահակակետով և մտել Ռուսաստանի տարածք։