Զորակոչը մեկնարկեց. «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը պահանջարկ ունեն

Տասնյակ զորակոչիկներ ցանկություն են հայտնել ծառայել «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ձմեռային զորակոչում փոփոխություններ այս տարի չեն նախատեսվում։ Այն կկազմակերպվի ինչպես միշտ: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հայկական բանակում ներքնաշորերը փոխվել են. հերթը վերնահագուստինն ու կոշիկներինն է

«Առողջությանն ենք ուշադրություն դարձնելու, սահմանափակումներին, որպեսզի հետագայում կարողանանք ճիշտ նշանակումներ կատարել զորքերում: Քանի որ ձմեռ է, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում տեղափոխման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի բոլորին անվտանգ հասցնենք ծառայության վայրեր»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին, ԳՇ պետը հայտնեց, որ դրանք շարունակվում են։

«Այս պահին 72 հոգի դիմել է «Ես եմ» ծրագրով և 90-ից ավելի` «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու համար: Բայց դրանք վերջնական թվեր չեն, դեռ զորակոչի առաջին օրն է »,– նշեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչիկներն անցնում են ժամկետային պայմանագրային 3-ամյա ծառայություն, որից շուրջ 7 ամիսն անցկացնում են ազատ արձակման մեջ. մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում սկզբունքով:

Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին է փոխանցվում շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կարող է օգտագործել մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցման նպատակային ծրագրերում: