Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան։ Վիճարկման առարկան համաներման մասին օրենքի որոշ դրույթներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները համաներում կիրառելու և անձին պատժից ազատելու հնարավորություն չեն ունենում: Այս եզրակացության է հանգել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)` ուսումնասիրելով իրեն հասցեագրված բողոքը։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Արման Թաթոյանի, այս բացի հետևանքով նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, մեկ այլ դեպքում՝ ոչ։

Այս հիմքով պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ օրենքի բացի հետևանքով, առաջանում է օրենքի առաջ հավասարության և խտրականության արգելքի խախտում։

Բացի այդ, դա հակասում է սահմանադրությանն ու ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին։