ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությանը

Գլխավոր շտաբի պետն ասել է, որ Հայաստանը հիմա էլ է պատրաստ նման միջադեպերի միջազգային քննությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևան առաջարկել է սահմանին միջադեպերի քննման մեխանիզմներ ներդնել, սակայն Բաքուն հրաժարվում է։ Այս մասին հիշեցրեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանային ծառայության հայտարարություն այն մասին, որ Տավուշի մարզի կողմից կրակոցներ են հնչել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հունվարին. ՀՀ ԱԳՆ

«Մենք կարող են միջազգային հսկող մեխանիզմներ ներդնել, ու թող նման յուրաքանչյուր դեպք միջազգայնորեն քննվի։ Կպարզենք` ով է մեղավոր», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` հայկական կողմն ամեն անգամ խոսում է դրա մասին, բայց ադրբեջանական կողմից մերժում է ստանում։

«Խնդրեմ, մենք հիմա էլ ենք պատրաստ», – ասաց Դավթյանը։

Օրերս ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով Ադրբեջանի սահմանային ծառայությանը, հայտնել էին, թե հունվարի 6-ին, ժամը 15.35-ին, Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են Ղազարլի շրջանի Կեմերլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետը` 7.69 մմ տրամաչափի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացանով, որը հարվածել է պետական սահմանից 450 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնող ինժեներական մեքենային (Էկսկավատորին)`վնաս պատճառելով ինժեներական մեքենային և կոտրելով է աջ ապակին։