Արմեն Գրիգորյանը Կարագանդայի դեպքը քննարկել է Ղազախստանի նախագահի օգնականի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ցավակցել է սպանված երիտասարդի հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր` հունվարի 8-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին նշված է Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

«Ես մարդասպան չեմ, պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Նարեկ Գուրուրյան

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի հետևանքով տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդը մահացել է, ևս երեքը` տուժել։

Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Հայտնի է Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանի գտնվելու վայրը

Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած ութ մարդկանց նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել։ Մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ՆԳՆ–ում հաղորդել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցների դերակատարությունը կպարզվի։

Սուլեյմենովի խոսքով` Ամանորի գիշերը հանցագործության մեջ կասկածվող անձանց շարքում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։

Հայտնի է դարձել, որ հետախուզության մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հունվարի 1–ի երեկոյան անցել է Ղազախստանի Պավլոդարի շրջանի պահակակետով և մտել Ռուսաստանի տարածք։