Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երրորդ փոխխոսնակի մասին հարցին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքից փոխխոսնակ կդառնան Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցը դեռ բաց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երրորդ փոխխոսնակի հարցը չի քննարկվել ԱԺ «Իմ քայլը» դաշինք ապագա խմբակցության նիստում, սակայն վարչապետի պաշտոնակատարն այդ մասին ունի իր կարծիքը։

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվելու են. Փաշինյան

«Դաշինքում այդ հարցի քննարկմանը դեռ չենք հասել: Ինձ թվում է, որ պետք է սկզբունք գործի, ինստիտուցիոնալ սկզբունք: Այն խմբակցությունը, որն ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, նրա ներկայացուցիչն էլ պետք է փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի: Հակառակ դեպքում տրամաբանությունը չի հասկացվի», – լրագրողներին ասաց Փաշինյանը ձևավորվող խմբակցության նիստից հետո։

Նիստում քննարկվել է խմբակցության կանոնադրությունը։ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներին հարցին, նշեց, որ կառավարության կազմը չի քննարկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին առաջարկել են որպես ԱԺ փոխխոսնակներ։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունից փոխխոսնակի պաշտոնի համար առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ ԲՀԿ-ում քննարկումները շարունակվում են, լուրեր են պտտվում, որ դա կարող է լինել Նաիրա Զոհրաբյանը։