ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Գազի գնի փոփոխությունը Հայաստանի նոր իշխանության պարտությունը չէ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու, ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարեց, որ իրանական կողմի հետ ևս բանակցությունները գազի գնման շուրջ շարունակվում են, քանի դեռ փոխընդունելի լուծում չի գտնվել:
Հունվարի 3-ին Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել առ այն, որ գազը ՀՀ է մատակարարվելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն։
Սակայն, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, սպառողների համար գազի գինն այս տարի շարունակելու է մնալ անփոփոխ: