Սաուդյան Արաբիայում կանայք վերջապես կկարողանան բորտուղեկցորդուհի աշխատել

Բորտուղեկցորդուհի աշխատելու ցանկություն ունեցողները պետք է ունենան միջին կրթություն, միջազգային նորմերին համապատասխան հասակ ու քաշ, իմանան անգլերեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սաուդյան Արաբիայի առաջին բորտուղեկցորդուհիները հունվարից կաշխատեն Flynas բյուջետային ընկերության ինքնաթիռներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Saudi Gazette պարբերականին։

Մուսուլմանների նորաձևությունը. սև հանդերձանքից մինչև նրբագեղություն

Flynas–ի հայտարարության համաձայն` սաուդյան բորտուղեկցորդուհիների առաջին խումբն արդեն ավարտել է ավիաընկերության դասընթացներն ու այս ամիս պատրաստ է աշխատանքի անցնել։ Երկու տարվա ընթացքում Flynas ընկերությունը նախատեսում է պատրաստել 300 բորտուղեկցորդի ու բորտուղեկցորդուհու։

Ավիաընկերության հայտարարության մեջ նշվում է, որ բորտուղեկցորդուհիների համազգեստը համապատասխանելու է սաուդյան ավանդույթներին։ Աշխատելու հավակնորդները պետք է ունենան միջին կրթություն, միջազգային նորմերին համապատասխան հասակ ու քաշ և իմանան անգլերեն։

Նախորդ տարի Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլ էին վարորդական իրավունք ստանալ ու տաքսու վարորդ աշխատել։ Սա մի շարք սոցիալական ու տնտեսական փոփոխությունների առաջին քայլը դարձավ, որոնք թագավորությունում իրականացնում է արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը։