Քննարկել են հայերի մասնակցությամբ վեճի մանրամասները. ի՞նչ է Կասիմովը խոստացել Օսիպյանին

Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ արդար քննություն է անցկացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հայերի մասնակցությամբ վեճի հետքերով. ինչպես է սպանությունը մանիպուլյացիայի գործիք դառնում

Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասները, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ արդար քննություն է անցկացվելու և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:

Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում:

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարագանդայի հայերը ներողություն են խնդրել ողբերգական սպանությունից հետո. տեսանյութ

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։