Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541 մարդ. Թորոսյանն այցելել է բուժհիմնարկներ

Թորոսյանը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Վիճակագրությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ներկայացրել է ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, ով երեկ`հունվարի 6–ին այցելել է որոշ բուժհաստատություններ։

Ինչպես խուսափել աղիքային վարակներից. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

«Ես եղել եմ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Սուրբ Աստվածամայր և Արաբկիր բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Մուրացան համալսարանական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում։

Համաձայն ամենօրյա վիճակագրության՝ հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց»,–գրել է նախարարի պաշտոնակատարը։

Թորոսյանի դիտարկմամբ` Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են նույն մակարդակի վրա։

«Հանձնարարել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից»,–տեղեկացրել է Թորոսյանը։

Նախարարի պաշտոնակատարը հատուկ շեշտել է, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչը նա անթույլատրելի է համարել։ Հետևաբար, ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ։