ՌԱԴԻՈ

Լիանա Թորոսյան. «Հանրապետությունում շրջանառվում է գրիպի H1N1 տեսակը»

Սուր շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը սարսափելի չէ, այն, ինչ գրանցված է համահունչ է սեզոնին։
Sputnik
Լիանա Թորոսյան. «Հանրապետությունում շրջանառվում է գրիպի H1N1 տեսակը»

Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Սուր շնչառական հիվանդությունների թվերը, եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, կարելի է ասել` կրկնվում են։

Իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկելի է։ Օրվա կտրվածքով մենք ուսումնասիրում ենք` ինչ է կատարվում ստացիոնարներում, պոլիկլինիկաներում, անգամ Շտապօգնության կանչերն են վերահսկելի։

Համագործակցում ենք քաղաքապետարանի և մարզպետարանների համապատասխան բաժինների հետ, հանձնարարական է իջեցվել առողջապահական հիմնարկներին, որպեսզի դպրոցներում պատշաճ մակարդակով հսկողություն լինի, որ մրսածությամբ պայմանավորված սրացումներ չլինեն, և կարողանանք իրավիճակը ավելի վերահսկելի դարձնել»,–ասում է Թորոսյանը։

Նրա խոսքով` հանրապետությունում շրջանառվում է գրիպի H1N1 տեսակը, կամ ինչպես բնակչությունն է ասում` խոզագրիպը։ «Խուճապի մատնվել պետք չէ, այն մարդկային գրիպի ենթատեսակներից մեկն է»,–նշում է մասնագետը։