ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Երգչուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) իր նոր ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել Instagram–ում և խոսել իր հագուկապի մասին։ Նա գրել է, որ իր զգեստը մայրն է կարել, հետո խոստովանել է, որ ստիպված է եղել հրաժարվել ջայլամի փետուրներից։
«Միստր Ա–ն հիշեցրեց, որ ինքը Կիրկորովը չէ, և փետուրները դժվար թե տեղին լինեն մեր դուետում։ Սկզբում ես վհատվեցի, բայց հետո հիշեցի իմ սպիտակ բաճկոնի մասին։ Կարծում եմ` շատ տոնական ու զուսպ կերպար ստացվեց։ Բայց փետուրներն ամեն դեպքում հագա, պարզապես գիշերվա երկուսից հետո, մարզակոշիկների ու հուդիի հետ։ Իսկ ձեր սիրեցյալները հաճա՞խ են քննադատում ձեր հագուկապը»,– գրել է նա։
Վարդայի էջի բաժանորդներին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե նրա հագուստի մասին գրառումը, այլ սիրեցյալի ով լինելը։ Մեկը հարցրել է` իսկ ո՞ր ազգության ներկայացուցիչ է նրա տղամարդը։ Վարդան էլ պատասխանել է` ռուսաստանցի իսպանացի։ Մեկ ուրիշն էլ հարցրել է` իսկ ինչու տղամարդը չի հպվում նրան։
«Երևի մտածում է, որ վերելակում հպումներն անտեղի են։ Իսկ գուցե ես այնպես եմ ընկել նրա վրա, որ անշարժացել է»,– պատասխանել է Վարդան։
Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսների ու մրցանակների արժանանալ` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։