Կարագանդայի հայերը ներողություն են խնդրել ողբերգական սպանությունից հետո. տեսանյութ

Նոր տարվա գիշերը ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը պաշտոնական հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղազախստանի Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը ցավում է Նոր տարվա գիշերը ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության համար։ Նրանք տեսանյութ են տարածել սոցցանցերում։

«Մենք` Կարագանդայի մարզի հայերս, խորապես ցավում ենք հունվարի 1-ին տեղի ունեցած դեպքի համար, որը մեկ մարդու կյանք է խլել։ Ցավոք, այդ դեպքի հետ առնչություն են ունեցել նաև հայերը։ Սգում ենք և խորապես ցավակցում մահացած երիտասարդի ընտանիքին ու հարազատներին»,– նշում են նրանք։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանցագործները պետք է պատժվեն` անկախ ազգային պատկանելությունից։

«Բազմազգ Ղազախստանը մեր հայրենի տունն է դարձել։ Մենք շնորհակալ ենք ղազախ ժողովրդին բարության և մեզ համար դժվար տարիներին սատարելու համար։ Մեր եղբայրական ժողովուրդները միշտ ապրել և ապրելու են խաղաղության ու բարեկամության մեջ»,– ասում են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

Սպանություն Կարագանդայի ռեստորանում. Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։