Դատախազը պետական ավտոմեքենայով բախվել է սյանն ու վնասել գազատար խողովակը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, բախվել ծառին, վնասել գազատար խողովակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 14։15-ի սահմանում Երևանի բնակիչ, 49-ամյա Աշոտ Խաչատրյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Աշտարակի մոտ, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։

Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները, որոնք փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց և կարգի բերել վթարված գազասյուները։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Աշոտ Խաչատրյանը դատախազ է։