Վանաձորի կարի արտադրական ձեռնարկությունում հրդեհ է բռնկել

Հրդեհն այրել է 10 քմ տարածքում պահեստավորված արտադրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:03-ին:

Պահեստում (250 քմ) այրվել է մոտ 10 քմ տարածքում պահեստավորած արտադրանք, իսկ 50 քմ՝ ջերմահարվել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: