Արարատում երիտասարդ տղամարդը կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

27 տարեկան երիտասարդը կրակել է «գոլդ» համարանիշներով Toyota Prado-ի միջից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը։

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում երկու դիակ են հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ նշված շենքի հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Գնդակներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ, 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Ս. Սիմոնյանը դեպքից 3 ժամ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ժ. Գասպարյանին, հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ողորկափող հրացանը և Toyota Prado մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներն արձակելուց հետո Ժ. Գասպարյանը Prado-ով դիմել է փախուստի։