ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Քանի որ հունվարի 8-ից Հայաստանում մեկնարկում է ուսումնական գործընթացը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրահանգում է վաղվանից` հունվարի 7-ից, սկսել դպրոցների շենքերի ջեռուցումը։
Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` համապատասխան հրահանգ տալով դպրոցների տնօրեններին, տնտեսվարներին ու տեխնիկական աշխատակիցներին։
«Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում»,– գրել է նա։
Իսկ մարզերի և համայնքների ղեկավարներին նախարարի պաշտոնակատարը հորդորում է ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները։ Նա նաև նշում է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նույնպես այդ հարցը պահում է ուշադրության կենտրոնում:
«Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,– գրում է նա:
Նրա գրառմանն արձագանքել են որոշ դպրոցների աշակերտների ծնողները` հայտնելով, որ Սյունիքի մարզի Ալվանք գյուղի դպրոցում ջեռուցումը միացվում է միայն առաջին և երկրորդ դասաժամերին, մնացած ժամերին երեխաները ստիպված են լինում վերարկու հագնել։ Դիլիջանի թիվ 2 դպրոցում ևս, ըստ գրառման, երեխաները նստում են վերարկուներով։ Այստեղ, թեև կա ջեռուցման համակարգ կա, բայց տնօրինությունն «ափսոսում» է միացնել։
Արայիկ Հարությունյանը խոստացել է անձամբ ու մարզպետի միջնորդությամբ զբաղվել ներկայացված խնդիրներով։